Հոգնել են բարձիթողի վիճակից. Տեր–Գրիգորյանցը մեկնաբանել է ԳՇ– Փաշինյան «հակամարտությունը»

Հայկական բանակի հիմնադիրներից Նորատ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկին չի աջակցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերը նախատեսված չեն հեղաշրջման համար, դրանք ապահովում են երկրի անվտանգությունը դրսից նախաձեռնված հարձակման ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ  զույցում այս մասին ասաց  ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը։

«Հայաստանի զինված ուժերը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում, պարզապես նախատեսված չեն այդ գործի (հեղաշրջման,–խմբ.) համար։ Այն, ինչ Գլխավոր շտաբի պետը գրել է, կարծում եմ` նրանք պարզապես հոգնել են բարձիթողի վիճակից ու այլանդակությունից, երբ վերադաս մարմինները հանկարծակի հանում են ռազմական գեներալներին, սպաներին պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակը մերկացվում է, խախտվում է բարոյական ու մարտական ոգին, վիճակը, մարտունակությունը։ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, Գլխավոր շտաբի պետը հոգնել է նման իրավիճակից, դրա համար էլ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ։

«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են

Տեր-Գրիգորյանցը նաև ընդգծեց, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա պարզաբանել է, որ ինքն այդ իրավիճակում ոչ մեկին չի աջակցում։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: