Նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գասպարյանի ազատման հարցով դիմելու ՍԴ. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ն իրավունք ունի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով դիմել Սահմանադրական դատարան։ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այս փուլում իրավիճակն այսպիսին է` նախագահը կա՛մ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։ Մենք նախագահին ուզում ենք ասել, թե ինչո՞ւ է նա երկու մարմինների միջև ծագած վեճը թողնում, որ նրանք էլ լուծեն` ՍԴ–ից լավ հարթակ կա՞»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։ Զոհրաբյանը նշեց, որ նախագահն արդեն հայտնել է, որ կա խնդիր, և հիմա զարմանալի է` ինչո՞ւ է վարանում ՍԴ դիմել։ ՓՊ նախագահն ասաց, որ մի խումբ մարդկանցով դիմելու են նախագահին, որ սահմանադրականության շրջանակում լուծվեն առկա խնդիրները։

«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ–ի մոտ զինվորականներ, տարբեր ոլորտի մարդիկ և շարքային քաղաքացիներ էին հավաքվել` ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

Նրանք ակցիայի վերջում ավտոերթով գնացին Բաղրամյան 26` նախագահին դիմելու, որպեսզի ՍԴ դիմի Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Հոգնել են բարձիթողի վիճակից. Տեր–Գրիգորյանցը մեկնաբանել է ԳՇ– Փաշինյան «հակամարտությունը»

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: