Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը

Երևանի քաղաքապետն ու ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել են շատերին հուզող խնդրին` մանկապարտեզներ ընդունելությանը։ 7000 երեխա է սպասում իր հերթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 1-ին են ներկայացվել մանկապարտեզներ ընդունելության սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ։ Դրանք դեռևս քննարկման փուլում են: Նման հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարարությունը` ի պատասախան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառման։

Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան

Նշենք, որ Մարությանը Facebook–ի իր էջում գրառում էր արել` անդրադառնալով մանկապարտեզներ երեխաների ընդունելության հետ կապված դժգոհություններին։

Նա հայտնել էր, որ մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները, իսկ իրենք իրավունք չունեն խախտել այդ որոշումը: Մարությանը հավելել էր` հենց ԱՆ–ն վերացնի սահմանափակումները, մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս 7000 երեխա։

«Համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը: Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ նախարարությունում քննարկում է կազմակերպվել քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում կատարվել են սահմանափակումները մեղմացնող փոփոխություններ»,–նշված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

ԱՆ–ից հայտնում են, որ, օրինակ, մեղմացվել են երեխաների ընդունելության կանոնները` սոցիալական հեռավորության պահանջը 1,5 մետրի փոխարեն սահմանելով 1 մետր, երեխաների թիվը խմբում 18-ից դարձել է 20:

Նախարարությունը հավելում է, որ անվտանգության կանոններ սահմանելով` հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների հիման վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 3487 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%-ով։

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է