Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե ինչ են պահանջելու նախագահից բոլորի անունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նախագահից պետք է շատ հստակ պահանջենք, որ դիմի ՍԴ, հակառակ դեպքում նա անձամբ պատասխանատվություն ունի երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար։ Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել, և մենք մեր պահանջը կներկայացնենք նրան»,–ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հավելեց` եթե երկուշաբթի նախագահը ստորագրի վարչապետի` Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու առաջարկը, ապա երեքշաբթի ժամը 17։00-ին կրկին կհավաքվեն Բաղրամյան պողոտայում` միասին որոշելու հետագա քայլերը։

Հոգնել են բարձիթողի վիճակից. Տեր–Գրիգորյանցը մեկնաբանել է ԳՇ– Փաշինյան «հակամարտությունը»

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: