ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով նոր օրինագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է հայ գերիների մասին նոր օրինագիծը, որը կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։

Բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին։ Նշվում է, որ նրանք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից հետո:

Այս բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Այնտեղ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ են վերաբերվում հայ գերիներին` նրանց ենթարկելով խոշտանգումների և նվաստացման, այդ թվում՝ գլխատում են և առանց դատավարության մահապատժի ենթարկում։

Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին

Նշվում է, որ նախագծի հեղինակները նաև նամակով կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին:

Հաջորդ շաբաթ նախագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը