Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից

Հայկական կողմն առաջարկել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից հանել 75 երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։

Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։