ՌԱԴԻՈ

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական հերթական զորավարժություններին, ինչպես նաև հայկական բանակի վերականգնման խնդրին։ 
Sputnik
Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։

«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ

Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։