ՌԱԴԻՈ

Պատային իրավիճակը իշխանության համար կարող է նույնիսկ կործանարար լինել. Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և դրանց հանգուցալուծման հնարավոր տարբերակներին։ 
Sputnik
Պատային իրավիճակը իշխանության համար կարող է նույնիսկ կործանարար լինել. Հակոբյան

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` խոսքը միակ տարբերակի մասին չէ, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնցից մեկը ներկա ընդդիմության առաջադրած պլան «ա»–ն է, որը նախատեսում է զանգվածային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանի չորս հենարանների թուլացում, որոնց մասին խոսել է Վազգեն Մանուկյանը։ Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև պլան «բ»–ն, որն ըստ էության ապստամբություն է քաղաքացիական հասարակության միջոցով և որն անհնազանդության դրսևորման տարբեր դրվագներ է պարունակում, բայց կարող է իրականացվել նաև առանց բռնության։ 

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

«Ու քանի որ բանակն այս կամ այն ձևով ներգրավված է գործընթացներում, հետևաբար ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում նաև ռազմական հեղաշրջման տարբերակը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Քանի որ թեման վերջերս ակտուալ էր, մամուլում կար հրապարակում առ այն, որ նախորդ երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում եղել է շուրջ 1500 ռազմական հեղաշրջում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի տեղեկացմամբ` հետխորհրդային տարածքում դեռևս ռազմական հեղաշրջմամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել, մինչդեռ պալատական հեղաշրջումներ եղել են, ինչպես նաև տեղի են ունեցել արյունալի կամ թավշյա, գունավոր հեղափոխություններ։ Ըստ նրա` ռազմական հեղաշրջման գործիքակազմը յուրահատուկ բան չէ, որից վախենում են, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի ասուլիսում, ըստ քաղտեխնոլոգի, հասկացրեց, որ դա քաղաքական գործիքակազմում նույնպես ընկալվող և աշխարհի կողմից ընդունվող տարբերակ է։ 

«Այնուամենայնիվ ներքաղաքական գործընթացներն Հայաստանում այդքան էլ անհույս չեն։ Նույնիսկ պլան «ա»–ով նախատեսված գործողությունների արդյունքում ընդդիմությունն այդուհանդերձ կարողացավ կայունացնել փողոցում կանգնած իր զանգվածներին, որովհետև առաջին իսկ կոչից հետո մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Եթե նույնիսկ իրավիճակը պատային է, ինչպես շատերն են նշում, ապա պատային է նաև իշխանության համար և նույնիսկ կարող է կործանարար լինել, որովհետև իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ո՛չ միայն կառավարման համակարգի, այլև բանակի` ամենահզոր ուժային կառույցներից մեկի վրա»,– նշեց քաղտեխնոլոգը։

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

Հակոբյանի համոզմամբ` պատային իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու մեջ ռեսուրսներ ու ժամանակ չկորցնելու առումով շահագրգռված է նաև իշխանությունը։