Փաշինյանը խախտել է չգրված կանոնները. Մարկեդոնովը՝ Քոչարյանի վերադարձի մասին

Փորձագետը կարծում է, որ եթե ՀՀ վարչապետը չխախտեր նորմերը, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել, բայց հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նա կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։

Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։

«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։

«Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե  Քոչարյանն իշխանության գա

Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։

Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։

«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան

Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։ Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե հանդես գա որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է` մյուս ընդդիմադիրները կողմ են այդ տարբերակին, թե ոչ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, թե Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։

Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։