Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում. լուսանկար

Գլխավոր շտաբը դատապարտում է Օնիկ Գասպարյանի անունից հանդես գալու փորձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտնում է, որ սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։

«Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում, նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Գլխավոր շտաբը հրավիրում է իրավապահ մարմինների ուշադրությունը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։