ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այլևս արարողակարգային կերպար չէ, ինչպես նախատեսվում էր երկրի նոր սահմանադրությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Թեև իր լիազորություններով նախագահը ոչ ավելի է, քան «ժապավեններ կտրող», սակայն այժմ նա գնալով ավելի շատ է քաղաքական իրադարձությունների իրական մասնակից դառնում, նշեց Մարկեդոնովը։ 2020 թվականի նոյեմբերին արդեն նա հայտարարեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ հիմա հանդես է գալիս որպես բանակցային գործընթացի մոդերատոր։ Նրա մոտ են տանում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, և նույնիսկ զինվորականների բանակցային թելերը։ Իսկ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հարցում նախագահը նաև իր հստակ դիրքորոշումն արտահայտեց՝ հրաժարվելով ստորագրել Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։
«Ուստի այսօր Հայաստանում ներքին հակասությունները ընդամենը «ընդդիմություն-Փաշինյան» դիմակայության չեն հանգում», - եզրափակեց Մարկեդոնովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին նախագահը հանդիպեց Վազգեն Մանուկյանի (Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժման վարչապետի թեկնածու), այնուհետև ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայիս ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Վանեցյանի հետ։ Մարտի 1-ին նախագահը հերթական անգամ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ 2-ին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպումներին քննարկվում է ստեղծված իրավիճակն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը. ի՞նչ են քննարկել նրանք