Հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու կլինի, եթե դա անեն բոլորը․ Թավադյան

Անհրաժեշտ է բանակցել նաև Հայաստանի համար կարևոր ճանապարհների, այդ թվում՝ Նախիջևանի երկաթգծի բացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.  Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։

Փաշինյանը խախտել է չգրված կանոնները. Մարկեդոնովը՝ Քոչարյանի վերադարձի մասին

«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։

Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։

Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։

«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան

«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին