Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:
Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:
«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:
«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:
«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով: