Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։