Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյան. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն: