Ինչո՞ւ չի միացել ԳՇ–ի հայտարարությանը. Անդրանիկ Մակարյանը հարցին հարցով պատասխանեց

Անդրանիկ Մակարյանը խուսափեց անդրադառնալով ԳՇ–ի հայտարարությանը և հայտնել իր կարծիքը` ի վերջո, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։

ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը

Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։

Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։