Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը: