ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա այդ մասին ասել է՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանն ու կայունությանը», - շեշտել է Էրդողանը:
Հիշեցնենք` 2015 թվականին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարեցին, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքն իր սկզբնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս համաձայնագրից և վերականգնում Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները։
ԱՄՆ-ն չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն