«Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե  Քոչարյանն իշխանության գա

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ բավականաչափ փորձ ունի երկրի զարգացման կանխատեսելիություն, կառավարելիություն ու հարաճունություն հաստատելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վրեժխնդրության մասին նույնիսկ չի մտածում:

Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

Նախկին նախագահին հարցրել են, թե ինչ պետք է սպասի Փաշինյանը, եթե ինքը՝ Քոչարյանը, իշխանության գա։ Նա հայտարարել է, որ իր կյանքի ընթացքում երբեք չի առաջնորդվել վրեժի սկզբունքներով։

«Վրեժն իրականում թույլ և թերարժեք մարդկանց ուղին է։ Այդ առումով շատ դիպուկ են Նելսոն Մանդելայի խոսքերը․ «Վրեժի ծարավը թույն է, որը խմում ես, մտածելով, թե այդ թույնը քո թշնամիներին է սպանում»»,-ասել է Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ հավակնում է մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել։ ՀՀ նախկին նախագահն իր մեջ երկիրը ղեկավարելու համար բավականաչափ փորձ է զգում և պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ընդդիմության և զինվորականների պահանջները:

Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանին մեկ տարի ժամկետով անցումային շրջան է հարկավոր։

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։ Նրան մեղադրել են 2008 թ․-ի մարտին սահմանադրական կարգը տապալելու համար։ 2018 թ․-ի հուլիսից Քոչարյանը երեք անգամ կալանքի տակ է եղել։ 2020 թ․-ի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատել էր խոշոր գրավի դիմաց։

Քոչարյանը գործը շինծու է համարում և հայտարարում է քաղաքական հետապնդման մասին։

Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի