Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

Իշխանությունը գլխավոր շտաբի պետի փնտրտուքի մեջ է, շրջանառվում են մի շարք անուններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

«Փաստ» օրաթերթը գրում է, որ, ճիշտ է, գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։

«Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է հասնել ԳՇ հայտարարությանը չմիանալուն։ Վերջինս նշել է, թե բարոյական չի համարում Գասպարյանից հետո այդ պաշտոնը ստանձնել։ Ավելին, հասկացրել է, որ թեմայի հանգուցալուծումից հետո հեռանալու է»,–գրում է թերթը։

Երկրորդ թեկնածուն ներկայումս ՊՆ վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանն է, սակայն նա էլ դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե ինչպես շարժվի ստեղծված իրավիճակում։ Նրա առողջական խնդիրները նույնպես դեռ հնարավորություն չեն տալիս լիարժեք ներգրավվել ծառայությունում։

Այս պահին քննարկվող թեկնածուներից է նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, ում վրա իշխանությունը դեռ վերջնական կանգ չի առել, սակայն նրա տեղափոխությունը Հայաստանի ԶՈւ ԳՇ ամենահավանականներից է համարվում, եթե հաջողվի Գասպարյանի «հարցերը լուծել»։ Արզումանյանի դեպքում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՊԲ-ն ներհայաստանյան վերջին իրադարձություններին մասնակից չի եղել, և կարող է առավել չեզոք թեկնածու դիտվել, հատկապես, որ եղած թեկնածուներն էլ ոչ մի կերպ չեն ցանկանում Գասպարյանին նեղացնել կամ հանրության կողմից թիրախավորվել:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։