ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

ԲԴԽ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի, Գագիկ Ջհանգիրյանի ու Գագիկ Հարությունյանի մասին հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:

Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:

«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:

Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:

Խորհրդարանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նոր նախագահ ընտրեց

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր: