ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։