Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Հայտնի է՝ երբ են հանդիպելու ՀՀ նախագահն ու ընդդիմության առաջնորդները

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Մարուքյանը Փաշինյանից պահանջում է ապացուցել Օնիկ Գասպարյանի մասին իր ասածը

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։