Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

Վազգեն Մանուկյանը հայտնեց, թե ինչ են ասել իրենց` նախագահական նստավայր այցելած պատվիրակության անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու` վարչապետի փաստաթուղթը չուղարկեց Սահմանադրական դատարան։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ նախագահը պետք է եռօրյա ժամկետում ՍԴ դիմեր` Գասպարյանի աշխատանքից ազատման փաստաթուղթը վիճարկելով։ Երեք օրն այսօր լրացավ։

«Իրավաբանները գտան մի միջոց, ըստ որի` մինչև մարտի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անել չեն կարող։ Արանքում նախագահը նորից պետք է միջամտի ՍԴ։ Այդ խոստումն ու իրադրությունն է բացատրվել մեր` նախագահական այցելած պատվիրակությանը։ Այսինքն` այն, ինչ ուզում էինք, չստացանք, ստացանք կիսատ–պռատ»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ մի քայլ ևս արեցին, սակայն դեռ պայքարելու ժամանակ կա։

Մանուկյանն ասաց նաև, որ Փաշինյանը նախորդ հանրահավաքին կարողացավ հավաքել 15 000 մարդ, ինչը ցույց է տալիս, որ առաջին հենարանի հարցը լուծել են` ժողովուրդն իր հետ չէ։ Երկրորդ հենարանն ուժային կառույցներն են, իսկ բանակը դրա հիմնասյունն է։

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

«Բանակը կանգնեց ժողովրդի կողքին, իսկ մյուս ուժային կառույցները չեն կարող թպրտալ ռազմական դրության ժամանակ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը հավելեց, որ հաջորդ երկու օրերին մարզեր կայցելեն։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական դաշտում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։