ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։
Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։