Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելեց, որ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։

Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։

«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։

Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը