ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են