ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:

Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր: