ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան