«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։