ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կողմ է կիսանախագահական կառավարման համակարգին։ Նա այս մասին այսօր հայտնեց ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով Սահմանադրությունը փոխելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։
Մարուքյանը նշեց, որ դեռ դեկտեմբերին, իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, թե գնալով ավելի ու ավելի է համոզվում է, որ կիսանախագահական համակարգն ավելի ճիշտ էր, քան այն խորհրդարանականը, որն այսօր կա։
«Մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի։ Մենք անցանք սուպերվարչապետական համակարգի, որը տապալեց ամեն ինչ։ Եվ, ըստ էության, ես չեմ բացառում, որ եթե լինի ուժեղ պառլամենտ և կիսանախագահական համակարգ, որն առաջնային մանդատ ունի ժողովրդի կողմից տրված, դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել»,– ասաց նա` միաժամանակ, սակայն, հավելելով, որ պակաս կարևոր չէ նաև այն, թե ինչ պայմաններում է անցկացվելու սահմանադրական հանրաքվեն։
Ըստ նրա, եթե դա անի գործող իշխանությունը, հանրաքվեն հղի է տապալման վտանգով։ Մարուքյանը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխման նախագծի ընդունման համար անհրաժեշտ է ավելի քան 600 000 կողմ քվե։ Բայց, որ ստեղծված պայմաններում ժողովուրդը նման ակտիվությամբ կգնա ընտրատարածքներ, Մարուքյանը լրջորեն կասկածում է։
«Բայց մի հետաքրքիր բան էլ կա. Հայաստանում ով Սահմանադրությունը փոխել է, չի մարսել դա, ոնց որ անեծք կա, դրա հետ կապված»,– ասաց նա։
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։