ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն ՀՀ դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ:
Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:
Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայնքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում` համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին:
Նախկին նախարարները մոտ 1 մլրդ դրամի վնաս են հասցրել պետությանը․ հարուցվել է քրեական գործ
Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասները, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Պետությանը 200 մլն դրամի վնաս է պատճառվել. ՊԵԿ-ի նոր բացահայտումը
Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում նախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:
«Հայաէրոնավիգացիան» պետությանը հսկայական վնաս է հասցրել. հարուցվել է քրեական գործ