ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։
«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։
Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։
Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։
«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։
Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։
«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։
Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին