Մարուքյանը Փաշինյանից պահանջում է ապացուցել Օնիկ Գասպարյանի մասին իր ասածը

Պատգամավորը սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` ՀՀ վարչապետից ապացույցներ պահանջելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ապացուցել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին իր արած հայտարարությունը։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

Նշենք, որ երեկ` մարտի 1–ին, Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, երբ պահանջել է կառավարության և վարչապետի հրաժարականը։

Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

«Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ»,–գրել է Մարուքյանը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա իր առաջարկն ուժի մեջ է։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։