Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է 17-րդ դարից, Երևանում ներկայացվել են ցուցադրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում  որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։

Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։

Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության  մուտքն ազատ է։