ԳՇ հայտարարությանը չեն միացել 4 պաշտոնյա. ի՞նչ մտավախություն ունեն նրանք. «Ժողովուրդ»

ԳՇ–ի հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն էլ իրենց պատճառներն են ունեցել։ «Ժողովուրդը» մանրամասներ է պարզել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի՝ օրերս տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է պարզել` հայտնելով, որ ԳՇ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա:

Փետրվարի 25–ին Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

«ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ՀՀ ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը»,–գրում է «Ժողովուրդը»։

Ըստ թերթի` Անդրանիկ Մակարյանն, օրինակ, չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Ինչ վերաբերում է Պողոս Պողոսյանին, ապա նա էլ չի միացել հայտարարությանը, քանի որ այլ պատճառ կար. հայտնի է, որ փետրվարի 1-ին ԱԱԾ–ն բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»։ «Պատրոն Դավոն», ըստ ԱԱԾ-ի, ՊՆ-ի հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել բանակին մատակարարել 1983-86 թթ. արտադրության հրանոթի արկեր: Բայց մատակարարել է 1977-ի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով։ «Ժողովուրդը» նկատում է, որ Պողոս Պողոսյանն ընդգրկված է եղել զենքի մատակարարման հանձնաժողովում և չէր կարող տեղյակ չլիներ այս իրավիճակից։ Ուստի չի բացառվում, որ նա էլ «վախեցել է» դեմ գնալ իշխանություններին՝ հաշվի առնելով «Պատրոն Դավոյի» շուրջ ստեղծված աղմուկը:

Օնիկ Գասպարյանի դուստրը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, կայքի տեղեկություններով, լինելով հետախուզության վարչության պետը, սխալ տեղեկություններ է հայտնել պատերազմում որոշակի գործողությունների մասով և միգուցե չի միացել հայտարարությանը, քանի որ մտածել է, եթե իշխանափոխություն լինի, ապա իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն:

Իսկ Արթուր Չատյանի` ԳՇ հայտարարությանը չմասնակցելու և այլ մանրամասներ կարդացեք սկզբնաղբյուրում։