Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին

Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, թե ինչ են քննարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

«Քիչ առաջ տեսակցել եմ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան»,–գրել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։

Քննարկվել է նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը։

Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին

Հիշեցնենք` մարտի 1-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը կոմպրոմիսի է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր երեկ` մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։