ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Թեմայի առնչությամբ հրապարակում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ»,–նշված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:
Հենց այս տվյալներն են փոխանցվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։