Երկիրը պարտության հասցրած անձը չի կարող կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև այդ ընտրություններում պարտությունը դատավճիռ կլինի իր և թիմակիցների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը։
«Բնականաբար չի կարելի թույլ տալ, որ նման մարդիկ արտահերթ ընտրություններ անցկացնեն։ Բացի այդ, այս լարված իրավիճակում ընտրություններ անցկացնելն ուղղակի ճանապարհ է դեպի քաղաքացիական պատերազմ»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի` քաղաքացիական բախման վտանգ է պարունակում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառումն այն մասին, որ կարծես թե հասունացել է ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու պահը։
«Ժողովուրդը դուրս կգա փողոց, Արմեն Սարգսյանը կդառնա ուղղակիորեն հակամարտության մեջ մտնող անձ, իսկ նախագահը ներկայացնում է հասարակության այն շերտը, որը բավականին հանդարտ է, հակված չէ կոնֆլիկտների: Եթե այդ հատվածին էլ տանեն կոնֆլիկտների, նշանակում է` Փաշինյանը մնում է բացառապես ավանտյուրիստների խմբակի հույսին, որը փորձում է երկիրը տանել քաղաքացիական պատերազմի»,- շեշտեց Բոզոյանը։
Քաղաքացիական բախումներից խուսափելու միակ տարբերակը, ըստ Բոզոյանի, ժամանակավոր կառավարություն ձևավորելն է։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` վստահեցնելով, որ դա լավագույն և անցնցում լուծումն է ստեղծված իրավիճակում։
Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը` հետ վերցնելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը, որից հետո «Լուսավոր Հայաստանը» հուշագիր կստորագրի` Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու մասին, խորհրդարանը կցրվի և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Ախր, դուք այդքան ձայն չունեք»․ Մարուքյանը` ՀՀ նախագահի հնարավոր իմպիչմենտի մասին