Ոչ թե թևաթափ լինենք, այլ համախմբվենք․ ԱԳ նախարարն ուղերձ է հղել դիվանագետներին

Նախարարը շնորհավորել է Դիվանագետի օրվա կապակցությամբ և բոլոր գործընկերներին մաղթել հավատ ուժերի նկատմամբ, ստեղծարար նախաձեռնություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան լրջագույն փորձություն էր բոլորի, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ դիվանագետներին Դիվանագետի օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում։

Չնայած պատերազմի հարվածներին՝ պետք է ոտքի կանգնենք․ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական ապարատում և արտերկրում ծառայող բոլոր դիվանագետներին պատերազմական դրության ընթացքում կատարած աշխատանքի և իրենց առջև դրված խնդիրները պատվով իրականացնելու համար։ 2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո հասարակության ակնկալիքները դիվանագետներից էլ ավելի են մեծացել, ինչն առավել ընդգծում է մեր ծառայության դերը՝ Հայաստանի համալիր անվտանգության ապահովման, հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության գործում: Մեր առջև ծառացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ հավատարիմ մնալով հայ դիվանագետի բարձր կոչմանը», - ասվում է ուղերձում։

Նշվում է, որ հայ ժողովրդի համար բացարձակ արժեք է հայ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, հայրենի երկրում ապրելու և արարելու անկոտրում կամքը, և դրա ապահովման համար դիվանագետներն առավել հետևողական և նպատակաուղղված պետք է հետապնդեն Հայաստանի շահերը:

«Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն, ոչ թե ջլատեն մեր ուժերը, այլ ամրապնդեն Հայրենիքին նրա բարդ օրերում պատվով ծառայելու մեր կամքը։ Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը և ինքնիշխանությունը», - գրել է նա։

Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է Դիվանագետի օրվա կապակցությամբ և մաղթել բոլոր գործընկերներին հավատ ուժերի նկատմամբ, ստեղծարար նախաձեռնություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի:

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։

Դիվանագետները կարո՞ղ են միանալ բանակին. ԱԳՆ–ից պատասխան չունենք