Ստեփանակերտից հերքում են` արցախցիները հանրահավաքի համար Երևան չեն գալու

Արցախի նախագահի աշխատակազմի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները մեկնաբանել են որոշ Telegram-ալիքների կողմից տարածված տեղեկությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե երկրի իշխանություններն իբր քաղաքացիներին ուղարկում են Երևան ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքին:

Ավելի վաղ Telegram-ալիքներում տեղեկություններ էին տարածվել, թե իբր արցախյան իշխանություններին հանձնարարվել է Երևան բերել հազար մարդու, այդ թվում ՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ Մարտի 1 – ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ հանրահավաքին մասնակցելու համար։

Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ

«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Ներքին գործերի նախարարությունն արդեն մեկնաբանություն տվել է այդ կապակցությամբ »,-ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Իր հերթին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը հայտարարել է, որ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքին մասնակցելու համար նախարարության աշխատակիցներին Երևան տեղափոխելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արցախի ներքին գործերի նախարարությունը չի մասնակցում որևէ քաղաքական գործընթացի, նրա գործառույթը անվտանգության ապահովումն է», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Նշենք, որ Երևանում մարտի 1 - ին նախատեսված է միանգամից երկու հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30-ին, իսկ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» ՝ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահման։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քայլը որակեց որպես հեղաշրջման փորձ և ստորագրեց Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ առաջարկությունը և առարկություններով դիմել է վարչապետի աշխատակազմ։ Կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։