Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

Գագիկ Սահակյանը հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ մշտապես եղել և մնում է բանակի կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել: Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին»,–նշված է գրառման մեջ։

Գագիկ Սահակյանը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք:

Հիշեցնենք` քիչ առաջ հայտնի դարձավ, որ բանակի ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից, միանում ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում է ԳՇ պետին:

Այսօր` ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, իսկ 18։30-ին Հանրապետության հրապարակում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն ու երթը։

Ստեփանակերտից հերքում են` արցախցիները հանրահավաքի համար Երևան չեն գալու