Պետք է պահպանվի շարունակականությունը. Մատվիենկոն՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մասին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունացրել է իրադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կհետևի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրին՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ռուսաստանն անհանգստությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին․ Մատվիենկո

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունը շատ մեծ կլինի։ Ինչ իրադարձություններ էլ տեղի ունենան, պետք է շարունակականություն լինի։ Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ», - նշել է նա։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունություն է բերել Անդրկովկաս։

«Գործընթացները շարունակվում են, դրանք բարդ են, ամեն օր այս կամ այն նրբություններ են ի հայտ գալիս։ Բայց գլխավորը՝ համաձայնությունը ձեռք է բերվել, և այժմ պետք է հասնել նրան, որ այն շարունակի իրականացվել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, շատ կարևոր էր զինված հակամարտության զարգացումը կանխելու տեսանկյունից, և դա Ռուսաստանի նախագահի անձնական մեծ վաստակն է, փոխզիջումներ գտնելու և պայմանավորվելու նրա ունակության արդյունքը:

Հայաստանն օգնություն չի խնդրել Ռուսաստանից. Մատվիենկո

«Ռուս խաղաղապահների մուտքը պայմաններ ստեղծեց այդ տարածաշրջանի կայունության և խաղաղ կյանքին վերադառնալու համար։ Մեր խաղաղապահները հսկայական աշխատանք են կատարում ականազերծման, բնակարանների և շենքերի վերականգնման ուղղությամբ, օգնում են փախստականների անվտանգ վերադարձի հարցում»,- նշել է Մատվիենկոն:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են