«Պատրաստ ենք գործնական քայլեր անել». Մակունցը` Մարուքյանի առաջարկած հուշագրի մասին

Լիլիթ Մակունցն անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամից դուրս գալուն միտված առաջարկներին, որոնք ներկայացրել էր Էդմոն Մարուքյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Իմ քայլը» պատրաստ է գործնական քայլեր անել արտահերթ ընտրություններ անցկացնելու առնչությամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ–ի ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկությանը։

Ավելի լավ առաջարկ չի լինելու․ Մարուքյանը ելք է առաջարկում Փաշինյանին

Մարուքյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ վերցնի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը։ Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ ԼՀԿ-ն կստորագրի հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Մարուքյանի առաջարկն ընդունում ենք և պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել»,–ասաց Մակունցը։

Ինչ վերաբերում է Մարուքյանի այն առաջարկին, որ Փաշինյանը պետք է հետ վերցնի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը, Մակունցը նշեց, որ սա անգամ քննարկման ենթակա չէ։

«Ախր, դուք այդքան ձայն չունեք»․ Մարուքյանը` ՀՀ նախագահի հնարավոր իմպիչմենտի մասին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով` կա Սահմանադրություն և իրենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինեն այդ Սահմանադրության իրականացմանը և որևէ կերպ չնպաստեն դրա խախտմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Մարուքյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկ էր ներկայացրել Փաշինյանին` վստահեցնելով, որ դա լավագույն և անցնցում ձևն է։ Խոսքն, ինչպես նշեցինք, Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դիմումը հետ վերցնելու ու արտահերթ ընտրություններ անելու մասին է։

«Եվս 13 օր երկիրը մնում է պատային վիճակի մեջ»․ Էդմոն Մարուքյանն ամփոփել է փետրվարի 27-ը