Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։