Օնիկ Գասպարյանի դուստրը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Գլխավոր շտապի պետի դուստրը շեշտում է` առնվազն ծիծաղելի է, երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դուստրը` Հասմիկ Գասպարյանը, Facebook–ի իր էջում գրառում է արել`արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա...։ Առնվազն ծիծաղելի է, երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին ու անվանում նրանց դավաճան: Ի դեպ, նմանների ձայնի տոնայնությունն ուղիղ համեմատական է առաջնագծից ունեցած իրենց հեռավորությանը... Երկար, շա՜տ երկար ծիծաղել եմ»,– գրել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքում հայտարարել էր, որ ԳՇ հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Որովհետև, վարչապետի խոսքով, այն ԳՇ պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում` այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների, հանրապետականների դրդմամբ։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

«Կապ չունի` այդ թուղթն ովքեր են ստորագրել։ Նման թուղթ սեղանին դնելու ու ստորագրություններ հավաքելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է»,– շեշտել էր Փաշինյանը։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։