Նիկոլ Փաշինյանը երթն ուղղորդելո՞ւ է Բաղրամյան 26. Վահագն Ալեքսանյանի արձագանքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողը հերքում է համացանցում տարածված տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook–ի իր էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքի ու երթի շուրջ տարածվող տեղեկություններին։

«Մամուլում շրջանառվող լուրը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու», բացարձակ սուտ է»,– գրել է նա։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. ՀՀ նախագահը վատառողջ է

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել է մասնակցել հանրահավաքին ու երթին։ Իսկ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքը։