ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 13 տարի առաջ այս օրը տեղի ունեցած իրադարձություններին` հիշեցնելով, որ այսօր գարուն է։
«Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական և երջանիկ Հայաստանում։ Մարտի 1-ին ապօրինի հրամանի արդյունքում կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին»,–գրել է ԱԺ նախագահը։
Հիշատակի իր գրառման մեջ Միրզոյանն անդրադարձել է նաև մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններին։
«Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը»։
Նա կոչ է արել բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։
«Մեր հայրենիքն այլևս չպիտի անցնի նման փորձության միջով։ Այսօր գարուն է»,–գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ 2008-ին, ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։
«Անթույլատրելի են շահարկումները». Սարգսյանը` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշման մասին
2008թ.–ի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա։ 2018թ.-ի հուլիսի 26-ին, հարցաքննությունից հետո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց:
Մարտի 1-ի դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահ
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: