Մարտի 1-ի դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանը շեշտում է, որ հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են պետության ու ժողովրդի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության։ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար: Հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման»,–նշված է ուղերձում։

Սարգսյանը բոլորին կոչ է անում հանդուրժողականության և համերաշխության: Նրա խոսքով` մենք միասնության և համերաշխության կարիք ունենք: Նախագահը շեշտում է, որ հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար:

Ես վախենում եմ, որ մենք կունենանք նոր Մարտի 1. Գորգիսյան

Հիշեցնենք, որ 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա։ 2018թ.-ի հուլիսի 26-ին, հարցաքննությունից հետո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: