«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեմային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Կրեմլին բավարարել են Երևանից հնչող հայտարարությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին։ ՌԻԱ Նովոստին այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվեց», - ասել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի` վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:  Նիկոլ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։

Նրա խոսքով` վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: